среда, 7 октября 2026 г.

ՔԱՐՏԵԶԱԳՐԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ. ԳՈՐԻՍԻ ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐԻ ԵՎ ԺԱՅՌԱՅԻՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ

Գորիս գյուղի քարանձավների 3D մոդելավորումը

Յէ՛ր կաց, է՛կ Կյորես․ Կուրուսան լավ տեղ չկա՜

Կուրուսան լավ տեղ չկա՜․․․ Կյուրուսի քարանձավները, քերծերն ա ծորերը էլ ուրիշ տեղ կարալ չես ճարե՜ս։ Մեր ասածնին լսիլավ չի, կիրիլավ չի՜․․․ Կյորեսը պիտի տեսնա՜ս, շունչը զգա՜ս վեր սերտըդ կպչի՜ էս քերծերին։ Բա էս ծորերն է՜, ծորերը՜,արար աշխարհ կյամ ա թմաշա անում։ Բա Կյուրուսի ցորտ֊ցորտ ճյուրը։ Կյուրուսեցու զուրուցը նախշուն ա, ղոնաղատոն օջախա։ Քուչեքը նախշուն սարքալ են,Գորիս գյուղը,Չոփչուն ծորը,Թաիրին դիքը․․ Պախ, պախ պախ․․․․ Մեր Կուրուսի ամեն հինչը քաղծր ա,հուվ չի տեսալ Կյորեսը, չի տեսալ աշխարհը․․․․ Էս փինումն էլ հվաքալ ենք մեր քաղաքի մասին պատմող վիդյոները, որ տեսնաք, հիանա՜ք․․․

Գորիսը՝ մարզի ամենամաքուր քաղաք

Մեր սիրելի Գորիսը հայտնի է ոչ միայն իր յուրահատուկ բնությամբ, քարանձավներով ու պատմամշակութային հարուստ ժառանգությամբ, այլև մաքրության նկատմամբ ցուցաբերած հատուկ հոգատարությամբ։ Մենք հպարտությամբ ենք արձանագրում, որ մեր քաղաքը ճանաչվել է Սյունիքի մարզի ամենամաքուր քաղաքը․ սա վկայում է մեր համայնքի, բնակիչների և մեզ՝ սովորողներիս համատեղ աշխատանքի ու բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին։

Մեր նախագծային աշխատանքի ընթացքում մենք անձամբ ենք համոզվել, թե որքան կարևոր են մաքուր ու խնամված փողոցները, կանաչապատ տարածքներն ու շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված քայլերը։ Այս ձեռքբերումը անգնահատելի է ոչ միայն Գորիսի արտաքին գեղեցկության, այլև բոլորիս համար առողջ ու բարեկեցիկ միջավայր ապահովելու տեսանկյունից։
Գորիսի մաքրությունը յուրաքանչյուրիս փոքրիկ, նվիրված մասնակցության արդյունքն է։ Մենք համոզված ենք, որ մեր օրինակով ու միասնական ջանքերով կարող ենք պահպանել մեր հարազատ քաղաքը մաքուր, կանաչ, գեղեցիկ և օրինակելի բոլորի համար։ Եկե՛ք միասին շարունակենք այս կարևոր առաքելությունը՝ ապացուցելով, որ սերը սեփական քաղաքի հանդեպ սկսվում է ամենօրյա հոգատարությունից ու պատասխանատվությունից։ Պահպանե՛նք Գորիսի մաքրությունը, շենացնենք մեր տունն ու ներշնչենք ուրիշներին մեր օրինակով։
Գորիսը առաջ և հիմա

Գորիսն ու իր քարանձավները Գուրոսի և մեր աչքերով

ԳՈՒՐՈՍ (ԳՈՒՐԳԵՆ ՊԱՐՈՆՅԱՆ-ՀՈՎՍԵՓՅԱՆ) 1905 - 1981 1920 - 1940 թվականներ Գուրգեն Պարոնյանը սերում է Գորիսի հայտնի ազնվական` Մելիք-Օհանյանների տոհմից։ Չնայած նա իր ստեղծագործական կյանքի մեծ մասը նվիրել է գեղանկարչությանը` ինքնուրույն վարժվելով այդ բնագավառում, Գուրոսը արվեստի ասպարեզ է մուտք գործել որպես լուսանկարիչ, 22 տարեկան հասակում։ (1) Կենտրոնանալով ազգագրական, պատմագրական և բնանկարչական թեմաների վրա, Գուրոսը ջանաբար արձանագրել է իր հայրենի քաղաքի և Սյունիքի շրջանի կենցաղը, մշակույթն ու պատմա-ճարտարապետական միջավայրը։ Նրա լուսանկարների շնորհիվ այսօր հնարավոր է բավականին հստակ պատկերացում կազմել սյունեցիների առօրյա կյանքի ու սովորույթների մասին։ Չափազանց արժեքավոր են նաև Գուրոսի լուսանկարած գյուղական տեսարաններն ու համայնապատկերները, որոնք այդ համայքների` այժմ իսպառ կորած նախնական տեսքի անփոխարինելի տեսողական փաստարկներն են։ Մենք կարողացել ենք նոր կյանք հաղորդել նկարիչ Գուրոսի արխիվային սև-սպիտակ լուսանկարին՝ այն վերածելով վառ, գունեղ և ժամանակակից պատկերի: Մեր թիմի կատարած թվային մշակման և գունավորման արդյունքում վերականգնվել են Սյունյաց աշխարհի բնության ինքնատիպ երանգները և շրջակա միջավայրի իրական գույները: Շնորհիվ այս աշխատանքի՝ պատմական անցյալն ու մեր պապերի կենցաղը դառնում են շատ ավելի մոտ, շոշափելի ու իրական։

Գուրոսի լուսանկարչական արխիվը պատմական անգնահատելի վավերագիր է․ այն ցույց է տալիս Գորիսի ու հարակից բնակավայրերի անցումային շրջանը, երբ ավանդական ժայռափոր կյանքին ու ագրո-էկոհամակարգին զուգահեռ սկսեցին ի հայտ գալ քաղաքային նոր ենթակառուցվածքներն ու տրանսպորտային միջոցները։ Այս շարքը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու, թե ինչպես են տեղական քարատեսակները, ջրային ռեսուրսներն ու բնական լանդշաֆտը ձևավորել տարածաշրջանի մշակութային ինքնությունը 100 տարի առաջ։

Ակսել Բակունցի «Ալպիական մանուշակի» հետքերով

Գրականագիտական և տեղագրական հետազոտությունների արդյունքում հնարավոր է դարձել հստակեցնել և քարտեզագրել Ակսել Բակունցի հայտնի «Ալպիական մանուշակ» պատմվածքում նկարագրվող իրական բնական միջավայրն ու ծաղկի աճելավայրը։ Ինչպես հայտնի է գրականությունից, գրողի ստեղծագործության հիմքում ընկած է Զանգեզուրի բնաշխարհի անկրկնելի գեղեցկությունը։ Ուսումնասիրությունների և տեղանքի մանրակրկիտ դիտարկումների շնորհիվ մենք հստակեցրել ենք այն կոնկրետ վայրը, որտեղ ըստ Բակունցի աճում է լեռնային այս հազվագյուտ ծաղիկը։ Այն տեղակայված է Գորիսի հարավ-արևմտյան հատվածում՝ Թոսկապ կոչվող վայրում: Այս վայրի հայտնաբերումն ու քարտեզագրումը, սակայն, ունեցել է իր դժվարությունները։ Մենք կարողացել ենք պարզել է, որ ալպիական մանուշակն ունի վեգետացիայի շատ կարճ պատուհան. այն ծաղկում է բացառապես հունիսի սկզբից մինչև հունիսի վերջը: Այս առանձնահատկության պատճառով տարվա մնացած ամիսներին ծաղիկը տեսանելի չէ, ինչն էլ երկար ժամանակ դժվարացնում էր դրա հստակ տեղորոշումը բնության մեջ։ Այս բացահայտումը ոչ միայն կամուրջ է նետում գրականության և իրական աշխարհագրության միջև, այլև հիանալի հիմք է ստեղծում գրական տուրիզմի զարգացման և Բակունցի սիրված հերոսների հետքերով նոր քայլարշավային արահետների հիմնման համար:

Գորիսի քարանձավային պատմությունը ֆոտոշարքով

Գորիսի (Բուն Գորիսի) քարանձավային բնակատեղիները Հայկական լեռնաշխարհի ամենաինքնատիպ ժայռափոր ճարտարապետական համալիրներից են, որոնք ունեն հազարամյակների պատմություն: Գորիսի քարանձավները ձևավորվել են Վարարակն գետի հովտում՝ հրաբխային փխրուն տուֆերի և կոնգլոմերատների մեջ: Բնական հողմահարման արդյունքում առաջացած աշտարակաձև ու բուրգաձև ժայռերը (Գորիսի «բուրգերը») տեղացիները դեռևս անհիշելի ժամանակներից կերտել ու հարմարեցրել են որպես անառիկ կացարաններ: Ժայռափոր բնակարանները տեղական բարբառով կոչվել են «տուն» (քերծի տուն, ղաբի/թաղակապ տուն)։ Դրանք հաճախ եղել են բազմահարկ՝ իրար հետ կապված աստիճաններով կամ պարանային վերելքներով: Ցածրադիր և դյուրամատչելի այրերն օգտագործվել են որպես բնակելի կացարաններ, իսկ ժայռերի վերին, անմատչելի հատվածների «ծակերը» ծառայել են որպես մարագներ (անասնակերի շտեմարաններ) և պաշտպանական թաքստոցներ՝ ապահովելով պաշարների պաշտպանությունը հրդեհներից ու թշնամիների ասպատակություններից: Ժայռափոր բնակատեղիներն ու միջնաբերդն ունեցել են ինքնահոս կավե խողովակներով ջրամատակարարում և միահյուսված են եղել կիկլոպյան պարիսպներով, ինչը Բուն Գորիսը վերածել է անառիկ ամրոցային համալիրի: Քարանձավային բնակատեղիներում ակտիվ կյանքը շարունակվել է ընդհուպ մինչև 19-րդ դարի վերջը և 20-րդ դարի առաջին կեսը: 1870-ական թվականներից՝ Մանուչար բեկ Մելիք-Հուսեինյանի նախաձեռնությամբ և գերմանացի ճարտարապետի նախագծով հարթավայրում նոր, շախմատաձև հատակագծով Գորիս քաղաքի հիմնադրումից հետո, բնակչությունն աստիճանաբար տեղափոխվեց ձորից: Վերջին բնակիչները քարանձավային տները վերջնականապես լքեցին 1950-1960-ական թվականներին:

Որտե՞ղ փնտրել Գորիսի անձնագիրը։ Ձագեձորից Գորիս

Գորիսը Հայաստանի ամենայուրահատուկ ու կոլորիտային քաղաքներից մեկն է, որի պատմության արմատները ձգվում են մինչև խոր հնադար։ Ժայռափոր բնակատեղիները, միջնադարյան բերդերն ու եվրոպական շունչ ունեցող քաղաքաշինությունը Գորիսը դարձնում են պատմամշակութային բացառիկ կենտրոն։ Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի հիշատակությունների՝ տարածքի հնագույն անվանումներից մեկը՝ Ձագեձորը (Ձագաձոր), առաջացել է Սիսակի տոհմի Ձագ նահապետի անունից։ Նա Վարարակն գետի հովտում հիմնադրել է Ձագեձորի բերդը, ինչից էլ ձորն ստացել է իր անվանումը։ Միջնադարում Ձագեձորը պատմական Սյունիք նահանգի Հաբանդ գավառի առանցքային բնակավայրերից էր։ Պատմագիտական վարկածների համաձայն՝ դարերի ընթացքում «Ձագեձոր» անվանումը հնչյունափոխվել է՝ դառնալով «Զանգեզուր»։ Ուշ միջնադարում և ցարական Ռուսաստանի տիրապետության շրջանում «Ձագեձորի հովիտ» կամ «Զանգեզուրի մահալ» ասելով հասկանում էին հենց Գորիսի հովիտը։ Գորիսի հովիտը բնակեցված է եղել դեռևս քարի դարում։ Տեղանքի կոնաձև ժայռերն ու բնական քարանձավները հնագույն բնակիչների համար ծառայել են որպես ապահով բնակարաններ։ Վանի թագավորության (Ուրարտու) Ռուսա Ա թագավորի (մ.թ.ա. 8-րդ դար) սեպագիր արձանագրություններում հիշատակվում է «Գուրիայա» կամ «Գորիսցա» երկիրը, որը պատմաբանները նույնացնում են Գորիսի հետ։ Միջնադարում Գորիսը (հայտնի նաև որպես Կյորես) կարևոր հանգույց էր առևտրական ուղիների համար։ XVII-XVIII դարերում այն գտնվել է Սյունյաց մելիքների (մասնավորապես՝ Մելիք-Հուսեինյանների) ազդեցության տակ և ակտիվ մասնակցություն ունեցել Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական պայքարին։

четверг, 24 сентября 2026 г.

Մեր հերթական ուսումնաճանաչողական այցելությունն ուղղված էր դեպի Սյունյաց աշխարհի հրաշալիքներից մեկը՝ Հին Խնձորեսկ։

Այցելությունը նշանավորվեց գյուղի բնակիչ Ռաֆիկ Դադալյանի հետ հանդիպմամբ։ Նա մեզ ներկայացրեց.

  • Սերնդեսերունդ փոխանցված պատմություններն ու ավանդությունները
  • Խնձորեսկի բնակիչների կենցաղն ու պատմական առօրյան
  • Մխիթար Սպարապետի կացարանն ու նրա դերը հայոց ազատագրական պայքարում

Այսպիսի հանդիպումները դպրոցականներիս հնարավորություն են տալիս պատմությունն ու մշակութային ժառանգությունը սովորել անմիջապես ակունքներից։

👉 Հավանեք տեսանյութը և տարածեք այն, եթե կարևորում եք հայրենագիտական այցերը։

Բացահայտե՛ք Գորիսի հարուստ պատմությունն ու հոգին՝ այցելելով Գորիսի երկրագիտական թանգարան։ Ժամանակի թելերով հյուսված մեր հիանալի անցյալը՝ Գորիսի երկրագիտական թանգարանի հարկի տակ, ուր ամեն մի ցուցանմուշ պատմում է Սյունյաց աշխարհի մեծության մասին։

Այս հիանալի տեսանյութում մեր փոքրիկներն ամփոփում և մեկտեղում են իրենց կատարած ոգեշնչող աշխատանքն ու հավաքագրված արժեքավոր տեղեկությունները։

Տեսանյութը բացահայտում է Գորիսի հանրահայտ ժայռերն ու բնության կողմից կերտված հրաշալի ամֆիթատրոնը։ Յուրաքանչյուր քարանձավ ու ժայռային գոյացություն այստեղ պատմում է դարերի խորքից եկող պատմություններ՝ ցույց տալով տարածաշրջանի հարուստ անցյալն ու Սյունյաց աշխարհի անկրկնելի բնությունը։

👉 Դիտեք տեսանյութը և բացահայտեք Գորիսի բնական հրաշալիքները։

среда, 19 августа 2026 г.

Գորիսի քարանձավների գողտրիկ աշխարհը

Բացահայտե՛ք Գորիսի քարանձավային քաղաքի անկրկնելի լանդշաֆտը, որտեղ դարեր ի վեր մարդն ու բնությունը համատեղ կերտել են պատմություն։ Այս տեսանյութը ներկայացնում է ժայռափոր կացարանների, բնական քարանձավների և Սյունյաց աշխարհի լեռնային գեղեցկության առանձնահատկությունները։

👉 Դիտեք տեսանյութը և ծանոթացեք Գորիսի քարանձավային հարուստ ժառանգությանը։